Արդեն երկրորդ անգամ է հեղինակավոր Forbes ամսագիրը անդրադառնում է գործարար Վրույր Փենեսյանի Մոսկվայում նախաձեռնվող միջոցառմանը, որին կներկայացվի մոտ 2 մլրդ դոլլարի անշարժ գույք Հայաստանից։ Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի հեղինակավոր «Ararat Park Hyatt Moscow» հյուրանոցում կանցկացվի հայկական պրեմիում և լյուքս դասի անշարժ գույքի առաջին  ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն Հայաստանի ամենահեղինակավոր նորակառույցներն ու ներդրումային նախագծերը՝ ընդհանուր մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ, որն էլ  արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանի շուկայում։

Միջոցառումը գովազդում է նաև Ռուսաստանի ամենահեղինակավոր աստղ Կսենիա Սոբչակը։ Ցուցահանդեսի առանցքում կլինեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի զբոսաշրջային խոշոր կենտրոնների լավագույն նախագծերը, ներառյալ՝ Մայլեռ Մաունթին ռեզորթը (Ապարան), Movenpick և Novotel հյուրանոցները (Ծաղկաձոր), ինչպես նաև Allure Residence-ն՝ Դիլիջանում։

Միջոցառման առանցքային առանձնահատկություններից է միջազգային հինգ աշխարհահռչակ բրենդների մասնակցությունը՝ Kempinski, Pullman, Movenpick, Milano Firenze և Novotel, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում։

«Այս բրենդների ներկայությունը Հայաստանում նոր որակի մշակույթ է բերում շուկա, ինչը զգալիորեն բարձրացնում է թե՛ ներդրումային գրավչությունը, թե՛ ընդհանուր մակարդակը»,- նշում է Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը։

Երևանի արդիական ճարտարապետությունը կներկայացնեն մի շարք նորարարական շենքեր՝ Amanoo Sarin, Skyline, Ayvazovski, Dalan Technopark, HEVN, Ember, Հին Երևան, Amanoo Ivy, Amiryan Residence, InTown, Ֆիրդուս 33, Shant Residence, Argishti Residence և այլ նախագծեր։ Ի դեպ Amanoo կառույցը ընտրվել է Forbes-ի ամսագրի կողմից , որպես ամենայուրահատուկ նախագիծ , որի մասին ամսագրի կողմից հատուկ նյութ է պատրաստվում ։  Միջոցառման շրջանակում հայկական բանկերը՝ ներառյալ IDBank-ը, կներկայացնեն հատուկ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրեր, այդ թվում նաև՝ օտարերկրյա քաղաքացիների (ոչ ռեզիդենտների) համար, ինչը նպաստելու է ներդրումների ավելացմանն ու անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի դյուրացմանը։