Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցում իրենց միջեւ լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլում։ Այսպիսի հավաստիացմամբ հանդես է եկել Իսրայելի Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

Նրա տեղեկացմամբ՝ բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական եւ թուրքական կողմերը փորձել են պայմանավորվել Սիրիայում իրենց միջեւ հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պեսախ տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի 12-19-ին է։ Միեւնույն ժամանակ, Kan-ի տվյալներով՝ Անկարան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին, որը իսրայելական պատվիրակությունը հասցնում էր Ադրբեջան, անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի հետեւանքով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից դեպի արեւմուտք, Սեւ ծովի վրայով։

Ապրիլի 10-ին հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների փաստը։ Իսրայելական կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հանդիպման կազմակերպման համար։ Վարչապետի աշխատակազմում նշել են, որ հանդիպման ընթացքում կողմերը «սահմանել են իրենց շահերը տարածաշրջանում», որից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»։

Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացել են Գազայի հատվածում հակամարտության թեժացման համատեքստում, որն սկսվել է 2023թ., եւ լրացուցիչ սրվել են Սիրիայում իշխանափոխությունից հետո, որը տեղի է ունեցել 2024թ. վերջին։