Ադրբեջանի Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը հրաժարվել է ստորագրել համաներման դիմումի տակ եւ գերադասել է մնալ բանտում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Տեղեկության համաձայն, Ալի Ինսանովի մոտ նույնիսկ միջնորդներ են ուղարկել, ովքեր խնդրել են նրան ստորագրել այդ դիմումի տակ` նշելով, որ նա ազատ կարձակվի դրանից հետո: «Սակայն նախկին նախարարը հայտնել է, որ չի ստորագրելու այդ դիմումի տակ եւ կոպիտ ձեւով ետ է ուղարկել միջնորդներին», եզրափակում է «Ազադլըգ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել 92 բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Ըստ այդմ, ներում է շնորհվել ազատազրկման դատապարտված 75 մարդու, ուղղիչ աշխատանքների դատապարտված 2 մարդու, տուգանքով պատժված 14 մարդու: