Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններում նոր ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Բերիս Էքինջին հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։ Այս մասին գրում է Türkiye Gazetesi-ն։

«Հանդիպումից հետո սոցիալական ցանցերում Կոստանյանի հայտարարությունը լայն արձագանք ստացավ դիվանագիտական ​​շրջանակներում։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​շփումները շարունակում են ընդլայնվել։ Արտգործնախարարի տեղակալ Այշե Բերիս Էքինջին կարևոր հանդիպում է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։

«Մենք կարևոր հանդիպում ունեցանք փոխնախարար Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առաջ տանելու և համագործակցության հնարավոր նոր ոլորտները որոշելու համար», - գրել է Կոստանյանը «X» հարթակում արված հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի համակողմանի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման, այլև համագործակցության կոնկրետ հարցեր, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը, սահմանների կառավարումը։

Աղբյուրների տվյալներով, Թուրքիան հաստատել է գործընթացը կառուցողական հիմունքներով շարունակելու իր վճռականությունը՝ Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։

Նորմալացման գործընթացը, որ Անկարան վարում է երկար ժամանակ, հասել է այնպիսի մասշտաբների, որոնք ազդում են ուժերի հարաբերակցության վրա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավային Կովկասում։ Թուրքիայի կողմից իր արտաքին քաղաքական տեսլականի շրջանակներում ձեռնարկվող քայլերը արագացնում են դիվանագիտական ​​նախաձեռնությունները տարածաշրջանում»,- նշում է պարբերականը։