Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ։ Այս մասին NEWS.am -ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս է հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական ​​դիտորդի (ներկայացուցիչի) նշանակումը նոր խթան կդառնա այս ուղղությամբ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է նաև Աֆրիկյան միությունում Անգոլայի նախագահության ակտիվ դերի կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ակտիվացման և այդ նպատակով քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության, առևտրային հարաբերությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ։