Հրազդանում եւս հանրային տրանսպորտը կարող է թանկանալ։ Այս առնչությամբ հրազդանցիների կարծիքն է հարցրել համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը։
Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հրազդանցիներ,
Հրազդան համայնքում ներհամայնքային տրանսպորտի բարելավումն ու կանոնակարգումը մեր գլխավոր առաջնահերթություններից է։
Ներկայիս ներհամայնքային երթուղին սպասարկող ընկերությունը, գաղտնիք չէ, որ այլևս չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր գործառույթները և քաղաքացիների համար ապահովել անհրաժեշտ հարմարավետությունն ու կանոնավորությունը:
Հրազդանի համայնքապետարանի ֆինանսական միջոցները բավարար չեն նոր և ժամանակակից տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:
Վերջին երեք տարիների ընթացքում Հրազդանի համայնքապետարանը պարբերաբար հայտարարել է մրցույթ՝ նոր ծառայություններ ներգրավելու նպատակով, ցավոք, ոչ մի ընկերություն չի մասնակցել՝ պայմանավորված գործող 100 ՀՀ դրամ սակագնով:
Մի շարք ընկերություններ պատրաստ են այս ոլորտում շուրջ 500 մլն ՀՀ դրամ ներդրում անել՝ նպատակ ունենալով ներգրավել ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներ`ուղևորների և հատկապես հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բոլոր անհրաժեշտ հարմարություններով, ինչպես նաև վերանայել գործող երթուղիների ցանցը:
Սակայն նման բարելավումներն իրագործելու համար ընկերություններն առաջարկում են ներկայիս 100 ՀՀ դրամ ուղեվարձը դարձնել 150 ՀՀ դրամ ՝ժամանակակից տրանսպորտի սպասարկման և երթուղու որակը բարձրացնելու նպատակով:
Հարգելի՛ համաքաղաքացիներ, մեզ համար չափազանց կարևոր է լսել ձեր կարծիքը։ Դուք եք որոշում կայացնելու․ համայնքապետարանը այս հարցում միանձնյա որոշում չի կայացնելու:
- Ինչպե՞ս եք գնահատում նման փոփոխության անհրաժեշտությունը։
- Ի՞նչ առաջարկներ ունեք ներհամայնքային երթուղիների բարելավման վերաբերյալ»։




























