Հիմնական նպատակն է գալ ու պատմել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, մտքեր փոխանակել, հասկանալ, թե դեպի ուր ենք շարժվում։ Այս մասին «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» հասարակական և գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Այն, ինչ փորձում է անել Ռուսաստանը, պետք է ունենա համապատասխան տեղեկատվական ուղեկցում և մեդիաաղմուկ։ Ցավոք, ռուսաստանյան կառույցները նման փորձ քիչ ունեն:
Մենք անընդհատ առաջարկում ենք տարբեր մեթոդներ, «Եվրասիա» կազմակերպությունը, որն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում է, կարողանում է իրադարձությունները լավ լուսաբանել։
Համակարգված աշխատանքով, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավմամբ և կազմակերպվածությամբ կարելի է շատ լավ հաջողությունների հասնել։ Հայաստանում կան մի քանի հաջողված նախագծեր, որոնք ցույց են տալիս, որ նվազագույն ջանքերով կարելի է հասնել առավելագույն արդյունքի, և դա հուսադրող է»,- նշել է նա։
Ըստ նրա, թե ընդդիմադիր լրատվամիջոցների, թե ռուսամետ գործիչների համար շատ դժվար է իրենց ասելիքը տեղ հասցնել:
«Մենք գիտենք այդ մեթոդները, լավ գիտենք, թե ինչպես, որտեղ և ինչ ասել, ինչպես տեղեկությունը հասցնել զանգվածային լսարանին, որին խաբում ու մոլորեցնում են: Ժամանակն է Հայաստանում ստեղծել փաստերի ստուգման ընկերություններ, որովհետև հիմա նման գործունեություն միայն արևմտամետ ՀԿ-ներն են անում, իսկ Հայաստանի քաղաքացին այլ տեսակետ իմանալու հնարավորություն չունի: Մենք չենք պատրաստվում մեր տեսակետը պարտադրել, ուզում ենք միայն, որ մարդն ընտրելու իրավունք ունենա։
Մեկ տարում «Եվրասիան» Հայաստանում արել է այն, ինչ ռուսաստանյան ոչ մի կազմակերպություն չի արել։ Ուսանողները, երիտասարդները, երեխաները, կամավորները հնարավորություն են ստանում մեկնել Հայաստանից և ավելի լավ ճանաչել Ռուսաստանը»,- ընդգծել է Քոչարյանը։



























