Օշի օդանավակայանում ինքնաթիռի վայր ընկնելու հետեւանքով 26 մարդ է տուժել: Ղրղըզստանի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ օգնության կարիք են ունեցել 26 տուժածներ, նրանցից 12-ին տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում` երկու երեխաների, որոնք ուղեղի ցնցում են ստացել:
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով` տուժածներից ոչ ոք ծանր վնասվածքներ չունի: Ուղեւորներից շատերին հոգեբանների օգնություն է անհրաժեշտ եղել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ազգային ավիաընկերության Տու-134 ինքնաթիռը դեկտեմբերի 29-ին Բիշքեքից Օշ չվերթն է իրականացրել` 70 ուղեւորներով: Օշի օդանավակայանում խիտ մառախուղի պայմաններում վայրէջք կատարելիս նրա շասին պոկվել է: Ինքնաթիռը կողքի է շրջվել` կոտրելով թեւը, եւ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց: Հրդեհ է բռնկվել, որը շուտով մարել են:




























