Տաջիկստանում առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մասամբ ավերվել է ցնցումների էպիկենտրոնում գտնվող 17 բնակելի շենք։ Այս մասին հայտնել են հանրապետության կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի (ԿԱՊԿ) ճգնաժամային կառավարման կենտրոնից։
«Նախնական տվյալներով, Տաջիկստանի արևելքում՝ երկրաշարժի էպիկենտրոնում, մասամբ ավերվել է 17 բնակելի շենք և մեկ դպրոց»,- ասվում է հաղորդման մեջ։
Արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 160 կմ հյուսիս-արևելք՝ Ռաշտի շրջանում։ Տաջիկ սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը այնտեղ եղել է 5 բալ, Դուշանբեում՝ 4 բալ։ Վնասը գնահատելու համար տուժած տարածք է մեկնել Արտակարգ իրավիճակների կոմիտեի հանձնաժողովը։
Տաջիկստանում ապրիլի 13-ի առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: EMSC-ի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ով ժամը 04:24-ին: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ուզբեկստանում։ Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, Տաշքենդում երկրաշարժի ուժգնությունը կազմել է երկու բալ, իսկ երկրի ևս յոթ շրջաններում գրանցվել են 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։





























