Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Հեֆերնը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ հայ ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում խոսել է հայերեն: Նախորդ անգամ նա խոստացել էր, որ իր հաջորդ ուղերձը լինելու հայերենով եւ նա կատարեց իր խոստումը:
«Բարեւ ձեզ, Ամերիկայի ժողովրդի անունից իմ լավագույն մաղթանքները հայ ժողովրդին այս գեղեցիկ տոների առթիվ», - «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեսաուղերձում ասել է դեսպանը:
Ջոն Հեֆերնի հղած շնորհավորանքները կիսում է նաեւ նրա կինը` Լիբի Հեֆերնը:
«Ես եւ իմ կինը` Լիբին, ապրում ենք Հայաստանում արդեն 3 ամիս: Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին ջերմ հյուրընկալության համար: Մենք հիացած ենք Հայաստանի բնական եւ պատմական արժեքներով», - ասել է դեսպանը:
ԱՄՆ-ի դեսպանն իր ամանորյա ելույթում նշել է, որ 2012 թվականին լրանում է Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ պաշտոնական հարաբերությունների ու գործընկերության 20 տարին` շեշտելով երկու երկրների երկկողմ հարաբերությունների կարեւորությունը:
«Մեր ընդհանուր նպատակը խաղաղությունն է, բարեկեցությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը Հայաստանում եւ տարածաշրջանում», - ասել է դեսպանը:
Ամփոփելով իր կարճ տեսաուղերձը` Ջոն Հեֆերնը փոխանցել է նաեւ Ամերիկայի ժողովրդի մաղթանքները հայաստանցիներին. – «Ամերիկայի ժողովրդի եւ դեսպանության անունից մեր լավագույն մաղթանքները Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ»:




























