Կառուցապատողից տուժած քաղաքացիները փակել են փողոցը: ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն էկել ու ասում է, որ հարցն ուղիղ վարչապետի հսկողության տակ է, քանի որ դա համակարգային խնդիր է` մարդիկ պետք է վստահ լինեն, որ կառուցապատողն իրենց չի կարող «քցել»: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Գնման իրավունքի» ինստիտուտի անկատարության, գրավով ծանրաբեռնված շենքի բնակարանները փոխանցման ակտերով փոխանցելուց հետո երրորդ անձի (բանկի) գրավի պահպանման, նույնիսկ գնման իրավունքներով ծանրաբեռնված վիճակում շենքի գրավադրման հնարավորության և մյուս հարցերի շուրջ բազմիցս և´ մենք և´ բազմաթիվ այլ իրավաբաններ հայտնել ենք:

Ավելին` Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել:

Ի դեպ` համանման մի գործով կառուցապատողի ֆինանսավորողն ու գրավառուն կրկին «Ամիօ Բանկ»-ն էր ու էլի հրաժարվում էր փոխանցվող բնակարանների մասով գրավից ազատել: Բանկը թողել էր կառուցապատողին անարգել տնօրինել հատուկ հաշվին առկա դրամական միջոցներն առանց կառուցապատողին վարկը մարելու պահանջ ներկայացնելու ու սնանկությունից հետո ակնկալում էր իր պարտքերը ստանալ քաղաքացիների գնած (փողն էլ տված) բնակարանների հաշվին:

Ճիշտ է` մեզ հաջողվեց խնդիրը կարգավորել բավականին բարդ իրավաբանական լուծումներով, սակայն օրենսդրական բացերը մնացին ու ահա այժմ հարյուրավոր այլ քաղաքացիներ կրկին նույն խնդրի առաջ են կանգնած»:

Նշենք, որ Անաստաս Միկոյան 64  հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝  բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Բաբկեն Թունյանը ակցիայի մասնակիցներին ասաց՝ ինքն էլ կառուցապատողից տուժած է. խնդրին մանրամասն կերպով ծանոթ է։ Նա վստահեցրեց, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ներքո է և խոստացավ խոսել օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, կազմակերպել հանդիպումներ բնակիչների հետ: