ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման առումով 2011 թ. բեկումնային տարի էր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն արագ զարգանան: Այդ առումով 2011 թ. բեկումնային տարի էր: Մենք կարողացանք գերակատարել մեր Ազգային ծրագրի ցուցանիշները»,- նշել է վարչապետը:

Դեսպան Հրիսթեան ասել է, որ գալիք տարին լինելու է հագեցած և նշել, որ  ԵՄ-ն հետաքրքված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, անցագրային ռեժիմի դյուրացման խնդիրներին, ինչպես նաև մաքսային անցակետերի արդիականացման հարցին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: