ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այսօրվա՝ ապրիլի 14-ի նիստում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողովի հարցը այսօր չի քննարկվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի հարցում գլխադասային հանձնաժողով է ընտրվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Այն կքննարկվի առաջիկայում:
Հենց այս հանձնաժողովը պետք է որոշում կայացնի էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հետ կապված:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրել: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Նշենք, որ այս հարցով զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:




























