Կիպրոսի տնտեսական գոտում, Միջերկրական ծովում, գազի խոշոր հանքավայր են գտել: Այս մասին հայտնել է այդ երկրի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը:
Հանքավայրի գնահատման ծավալը կազմում է 140-225 մլրդ խմ գազ, ինչը թույլ է տալիս հանքավայրը համարել խոշոր, հատկապես այնպիսի փոքր պետության համար, ինչպիսին Կիպրոսն է:
Կիպրոսն իր տնտեսական գոտում ածխաջրածնային հանքերի որոնումն սկսել էր վաղուց, չնայած Թուրքիայի բողոքներին: Թուրքիան մտավախություն ունի, որ օգտակար հանածոների հայտնաբերումը կարող է Կիպրոսին մեծ եկամուտներ բերել:
Թուրքիայի առարկություններն ամբողջությամբ հակասում են միջազգային օրենքին, կարծում են Կիպրոսի իշխանությունները:
Հիշեցնենք, որ Կիպրոսը 1974 թվականին, թուրքական զորքերի ներխուժումից հետո, փաստացի բաժանվել է երկու մասին: Կղզու հարավային մասում գտնվում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի հանրապետությունը, իսկ հյուսիսային մասում` ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան, հաղորդում է «Վզգլյադը»:




























