ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նախազգուշացրել է եվրոպացի դաշնակիցներին, որոնք տատանվում են համագործակցել Իլոն Մասկի արբանյակային ինտերնետ ընկերության հետ, որ նրանք պետք է ընտրություն կատարեն ամերիկյան եւ չինական տեխնոլոգիաների միջեւ: Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի նախագահ Բրենդան Կարրը Financial Times-ին ասել է, որ «արեւմտյան դաշնակից ժողովրդավարությունները» պետք է «կենտրոնանան իրական երկարաժամկետ սպառնալիքի՝ Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության վերելքի վրա»:

Նրա մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ եվրոպական կառավարությունները եւ որոշ եվրոպական ընկերություններ մտածում են, թե արդյոք միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX-ի Starlink արբանյակային կապի ծառայությունը վստահելի գործընկեր է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել իր ծառայություններն Ուկրաինայում, գրել է թերթը։ Կարրը պարբերականին ասել է, որ կարծում է, որ Եվրոպան «հայտնվել է» Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ, եւ զգուշացրել է «մեծ անջրպետի» մասին «Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությանը եւ մյուսների» միջեւ արհեստական​​բանականության եւ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում:

Նա հայտնել է, որ եվրոպական կարգավորիչները «կողմնակալ» են ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների հարցում: Կարրը նաեւ մեղադրել է Եվրահանձնաժողովին «պրոտեկցիոնիզմի» եւ «հակաամերիկյան» դիրքորոշման մեջ։ «Եթե Եվրոպան ունի իր արբանյակային խմբավորումը, դա հիանալի է, կարծում եմ, որքան շատ, այնքան լավ: Բայց կարծում եմ, որ Եվրոպան մի փոքր սեղմված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Եվ սա իր տեսակի մեջ ընտրության ժամանակն է»,- ասել է նա:

Իր հերթին, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ կառույցը «միշտ կիրառել է եւ կշարունակի կիրառել օրենքները արդարացիորեն եւ առանց խտրականության ԵՄ-ում գործող բոլոր ընկերությունների նկատմամբ՝ լիովին համապատասխան գլոբալ կանոններին»։ Եվրոպական արբանյակային պրովայդերների բաժնետոմսերը, ինչպիսին են Eutelsat-ը եւ SES-ը, վերջին շաբաթներին կտրուկ բարձրացել են՝ չնայած ընկերությունների մեծ պարտքերին, ի պատասխան Եվրահանձնաժողովի հայտարարության, որ Բրյուսելը «պետք է ֆինանսավորի ուկրաինացի զինվորականների մուտքը ծառայություններ, որոնք կարող են տրամադրվել ԵՄ-ում տեղակայված առեւտրային մատակարարների կողմից»: Ճյուղի փորձագետները զգուշացրել են, որ չնայած դրական արդյունքներին, ոչ մի եվրոպական ցանց դեռ չի կարող մրցել Starlink-ի առաջարկի հետ։

Կարրն ասել է, որ եվրոպական հեռահաղորդակցական Nokia եւ Ericsson ընկերությունները պետք է իրենց արտադրությունն ավելի շատ տեղափոխեն Միացյալ Նահանգներ, քանի որ երկու ընկերություններն էլ բախվում են Թրամփի ներմուծման մաքսատուրքերին: Այդ երկու ընկերություններն ԱՄՆ-ում բջջային ցանցի ենթակառուցվածքի սարքավորումների խոշորագույն մատակարարներն են: Կարրն ասել է, որ ԱՄՆ արդյունաբերական քաղաքականության մեջ եղել է «պատմական սխալ», որը թողել է հեռահաղորդակցության շուկան առանց որեւէ խոշոր ամերիկյան ընկերության մրցակցության: «Ինձ դուր չի գալիս այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք»,- ասել է նա:  Կարրն ավելացրել է, որ կքննարկի նոր տեխնոլոգիաների համար ընկերություններին ավելի արագ կարգավորող թույլտվություններ տաու հարցը, եթե դրանք տեղափոխվեն ԱՄՆ: