Միխայիլ Կավելաշվիլին սկսել է իր առաջին արտասահմանյան այցը Վրաստանի նախագահի պաշտոնում. նա այցելում է Ադրբեջան, հաղորդել է «Էխո Կավկազա»-ն։

Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ վարչապետ Ալի Ասադովի եւ Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ երկիրն է, շատ կարեւոր է, որ առաջին այցը լինի Ադրբեջան, այցի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նաեւ վարչապետի, մեջլիսի նախագահի հետ։ Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությունը, կարեւոր տնտեսական նախագծեր, որոնք այժմ իրականացվում են երկրների միջեւ, հատկապես կցանկանայի առանձնացնել վերականգնվող էներգիայի հարցերը եւ մի շարք մեգա նախագծեր, որոնք իրականացվում են մեր երկրների միջեւ»,- ասել է Պատարաձեն։

Վրաստանի նախագահի այցն ավարտվում է ապրիլի 16-ին։