Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանին երկու հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ, հայտնել է Sana-ն։
«Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ համակարգման ամրապնդման ուղիները»,- նշվել է հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի ընթացքում ալ-Շայբանին եւ նրա ադրբեջանցի գործընկերն ընդգծել են «Սիրիայի կառավարությանն աջակցելու կարեւորությունը էներգետիկ ոլորտում եւ վերակառուցման կայունության հասնելու, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում»:
Նրանք նաեւ ընդգծել են պաշտոնական կառույցների միջեւ կապուղիների ակտիվացման եւ տարբեր մակարդակների այցելությունները խրախուսելու անհրաժեշտությունը:
«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են սիրիա-սաուդյան հարաբերությունները, ինչպես նաեւ գործնական քայլեր՝ դրանք ամրապնդելու համար՝ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր շահերին համապատասխան»,- հայտնել է Sana-ն։
Երկուստեք վերահաստատվել է «շարունակական համակարգման եւ համագործակցության նոր հորիզոններ բացելու կարեւորությունը բազմաթիվ ոլորտներում, հատկապես էներգետիկայի եւ միջազգային միջնորդության ոլորտում՝ կայունության եւ անվտանգության հաստատման համար»:





























