Բերված բյուջետային հաշվարկների մեջ որևէ կերպ արտահայտված չեն անշարժ գույքի հարկի հաշվարկները. սա հատուկ եմ ընդգծում, որովհետև անշարժ գույքի հարկի բարեփոխում այն ժամանակացույցը, որն ընդունել ենք, ոմանք փորձ են անում շահարկել իբրև պետական բյուջե լցնելու միջոց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այս մեղադրանքը, եթե սխալ է, միայն մասամբ, որովհետև այո, հարկը բյուջե լցնելու միջոց է, բայց անշարժ գույքի հարկը համայնքային բյուջե լցնելու և ոչ թե պետական բյուջե։ Անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայնքային բյուջեներ և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին, 2017 թվականի համեմատ Հայաստանի համայնքների բյուջեները եռապատկվել են։ Ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։
Օրինակ, տեղական վճարների տողով համայնքների բյուջեները աճել են շուրջ 276%-ով, կամ 18 միլիարդ դրամով: Այլ եկամուտներ տողով շուրջ 344%-ով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամո: Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել անշարժ գույքի հարկի հետ: Այո, ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկից եկամուտները, մտնելով համայնքային բյուջեներ։ Վերադառնալով անշարժ գույքի, այդքան քննարկված և քննադատված հարկի նոր դրույքաչափերին, պիտի ընդգծեմ, որ իրականացված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 միլիոն դրամ և ավելի արժեք ունեցող, այսինքն միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։
Մեր երկրում 100 միլիոն դրամ և ավելի արժեք ունեցող գույքերը ընդհանուր գույքերի մեջ 0.62%-ն է։ Բայց այդ 0.62 %-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է։
Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները»,-ասաց Փաշինյանը:



























