Երբ մենք եկատմային հարկի եռաստիճան սանդղակը համահարթեցրեցինք եւ սահմանեցինք 20%, այդ ժամանակ բազմաթիվ ընդդիմադիրներ մեզ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու և հարուստներին աջակցելու մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ի պատասխան ասում էինք, որ անշարժ գույքի հարկով մենք կկարողանանք կարգավորվել առաջադրվող խնդիրը, ինչը ահա փաստացի իմ ասած վիճակագրությամբ ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել»:

Փաշինյանն աբսուրդ համարեց, երբ կառավարությանը մեղադրում են բյուջե լցնելու մեջ. «Սա նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը։ Սա նշանակում է կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։

Ասա երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ, ո՞նց ես ապրում դու, ասա համայնքի հետ բյուջեն ինչքան է, ասեմ ո՞նց ես ապրում դու։ Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքը անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե, որովհետև հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայտի ու պուրակ չունեցող, խմելու և ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայր, հնարավոր չի այդտեղ լավ ապրել։

Իսկ այդպիսի բնակավայրերը, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, այն խոշոր քաղաքներում հազարավոր են:

Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես, ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ տեղ ես, այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես, ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։

Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ՝ համայնքում ունենալով լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց և այլն, և այլն, և այսպես շարունակ»- հայտարարեց Փաշինյանը: