Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան երեքշաբթի ասել է, որ հինգ երկրներում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խոշոր գործողությունը հանգեցրել է ավելի քան 200 մարդու ձերբակալության, հիմնականում՝ Թուրքիայում, հաղորդել է AFP-ը։
«Այսօր առավոտյան ընդհանուր առմամբ բերման են ենթարկվել կազմակերպված հանցավոր խմբի 234 բարձրաստիճան անդամներ, որոնցից 9-ը գտնվում էր արտերկրում, 225-ը՝ տանը», - ասել է Երլիքայան մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ շուրջկալները միաժամանակ իրականացվել են Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում եւ Թուրքիայում։
Գործողությունից առաջ պաշտոնյաները փաստաթղթեր են փոխանցել մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիային եւ Բրիտանիային: Թուրք նախարարի խոսքով՝ առգրավվել է մոտ 21,2 տոննա թմրանյութ։
«Մենք բախվել ենք միջազգային մասշտաբի հսկայածավալ կառույցի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դրա անդամները մեղադրվում են հանցագործությունների մեջ՝ սկսած թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից մինչեւ փողերի լվացում։




























