Շվեդիայի ոստիկանությունը երեքշաբթի հայտնել է, որ երկու տղամարդ սպանվել է Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյոթեբորգում գիշերը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, որը, ըստ ԶԼՄ-ների, կարող էր կապված լինել խմբակային բռնության հետ, հաղորդել է AFP-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ կեսգիշերին կրակոցների մասին հաղորդումներ են ստացել:
«Դեպքի վայրում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 20-25 տարեկան երկու տղամարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից մահացել են»,- նշվել է ոստիկանության հաղորդագրությունում։
Հետաքննություն է սկսվել, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ ներկայում կասկածյալներ չկան:
Goteborgs-Posten թերթը հայտնել է, որ հարձակումը կարող էր կապված լինել խմբավորման մրցակցության եւ ավելի վաղ տեղի ունեցած կրակոցների համար վրեժ լուծելու հետ: TT լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ տարեսկզբից Գյոթեբորգում առնվազն երեք կրակոց եւ ութ պայթյուն է գրանցվել։
Վերջին տարիներին սկանդինավյան երկիրը պայքարում է կրակոցներն ու ռմբակոծությունները զսպելու ուղղությամբ, որոնք կապված են հակառակորդ հանցախմբերի միջեւ հաշիվները պարզելու հետ:
Հանցագործները հաճախ դեռահասներ են, որոնք վարձվում են որպես մարդասպան, քանի որ նրանք 15 տարեկանից ցածր են, դա այն տարիքն է, որը Շվեդիայում քրեական պատասխանատվության ենթակա չէ: Սակայն 2024թ. Շվեդիան գրանցել է սպանությունների թվի նվազում։
Մարտի վերջին հրապարակված Շվեդիայի հանցավորության կանխարգելման ազգային խորհրդի (Bra) զեկույցի համաձայն՝ 2024թ. 10,6 միլիոն բնակչություն ունեցող երկրում մահացու բռնության 92 դեպք է եղել՝ 29-ով պակաս, քան 2023թ.։
Շվեդիայի ոստիկանությունը նաեւ հունվարին հայտնել է, որ 2024թ. երկրորդ տարին անընդմեջ կրակոցների թիվը նվազել է՝ հասնելով 296-ի, ինչը 20 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ:



























