Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի կազմակերպած ընդունելությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող է, որովհետեւ ամեն անգամ որոշակի առաջընթաց պետք է ունենանք եւ 2012 թվականին պետք է ավելի լավ արդյունքների հասնենք: Գոնե իմ ակնկալիքները սրանք են»,-արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելության ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին եւ բոլոր հարազատներին գալիք տարում մաղթել է առողջություն, երջանկություն եւ հաջողություններ:





























