Հայաստանի կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգում կրկին հայտնվել է «Դիլիջան» ազգային պարկի մի հատվածը ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեին հանձնելու հարցը:

ՊԵԿ-ը սեփականության իրավունքով Դիլիջան քաղաքում ունի «Դիլիջանի ստեղծագործական տուն» համալիրը, որը զբաղեցնում է 3,5 հա տարածք: Ըստ բնապահպանության նախարարության ներկայացրած հիմնավորման` այդ տարածքում նախատեսվում է վերակառուցել առկա շինությունները, ստեղծել միջազգային ուսուցողական կենտրոն: Սակայն առկա տարածքը բավարար չէ նման կենտրոնի գործունեության համար: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել ուսուցողական կենտրոնի տարածքը` օգտագործելով վերը նշված տարածքին հարակից  «Դիլիջան» Ազգային պարկի մի մասը` 22.5 հա-ի չափով:

Հիշեցնենք, որ սույն հարցը ներառված էր նաեւ կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում, սակայն ոչ բավարար հիմնավորմամբ, ինչը մամուլում քննադատությունների ալիք բարձրացրեց:  Արդյունքում` կառավարությունը ժամանակորապես հետաձգեց որոշման կայացումը: