Երեքշաբթի ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ մի քանի ֆրանսիական բանտեր հարձակման են ենթարկվել գիշերը՝ ի պատասխան թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ճնշելու կառավարության ջանքերի, քանի որ իշխանությունները պայքարում են երկիր մտնող «կոկաինի ցունամիի» դեմ, հաղորդել է Reuters-ը:

Անհայտ զինված անձինք ավտոմատ զենքերով կրակ են բացել հարավային Թուլոն քաղաքի բանտում, մեքենաներ են այրվել ողջ եկրում, իսկ աշխատակիցները ենթարկվել են սպառնալիքների: Ներկա պահին պարզ չէ, թե հարձակումները համակարգված են եղել, եւ թե ով է իրականացրել դրանք:

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը, որը գլխավորում է բանտերի անվտանգությունը խստացնելու եւ իրենց կայսրությունները ճաղերի հետեւից կառավարող գանգստերների դեմ ուղղված ջանքերը, ասել է, որ կմեկնի Թուլոն:

«Մի քանի բանտերում աշխատակիցներին ահաբեկելու փորձեր են եղել՝ սկսած մեքենաների դեմ կրակոցներից մինչեւ ավտոմատ զենքերի կիրառում»,- գրել է Դարմաենը X սոցցանցում։ «Ես մեկնում եմ Թուլոն՝ տուժած անձնակազմին աջակցելու համար։ Ֆրանսիայի Հանրապետությունը բախվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդրին եւ միջոցներ է ձեռնարկում, որոնք զգալիորեն կխաթարեն հանցավոր ցանցերի գործունեությունը»:

Իր հերթին, ներքին գործերի նախարար Բրունո Ռեթայոն ասել է, որ հանձնարարել է տեղի պրեֆեկտներին, ինչպես նաեւ ոստիկանությանն ու ժանդարմերիային անհապաղ ուժեղացնել անձնակազմի եւ բանտերի պաշտպանությունը։

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարձակումների թիրախ են դարձել Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլոն, Էքս-ան-Պրովանս, Մարսել, Վալանս եւ Նիմ, ինչպես նաեւ Փարիզի մերձակայքում գտնվող Վիլպենտի եւ Նանտերի բանտերը:

Տարիներ շարունակ Հարավային Ամերիկայի կոկաինի ռեկորդային ներմուծումը Եվրոպա բարձրացրել է գները տեղական թմրանյութերի շուկաներում՝ առաջացնելով թմրանյութերի հետ կապված բռնությունների ալիք ամբողջ մայրցամաքում: Ֆրանսիան բացառություն չէ՝ կոկաինի ռեկորդային առգրավումներով եւ ավազակախմբերով, որոնք անսպասելի եկամուտներ են քաղում սպիտակ փոշու վաճառքից, քանի որ նրանք ընդլայնվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսին Մարսելն է, դեպի փոքր տարածաշրջանային քաղաքներ, որոնք սովոր չեն թմրանյութերի հետ կապված բռնություններին: