Աշխարհը սպասում է տնտնեսական ճգնաժամի երկրորդ ալիքին: Հայաստանի համար դրա հետեւանքները կարող են աղետալի լինել: Առաջին ալիքի հետեւանքը Հայաստանի համար եղավ 3,5 միլիարդ դոլարի պարտքը: Այս տարվա սեպտեմբերի տվյալով, հենց այսքան է Հայաստանի պետական պարտքը: Երկրորդ ալիքի հնարավոր հետեւանքները գիտակցելու համար վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ 2009-ին. ՀՆԱ-ն կրճատվեց 14,6 տոկոսով: Զգալիորեն կրճատվեց արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը եւ շինարարությունը:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով կտրուկ ընկավ հումքային ապրանքների գինը: Հայաստանի տնտեսության համար եւ, հատկապես, արտահանման համար առաջնային նշանակություն ունի հանքարդյունաբերությունը: Հայաստանի արդյունաբերության արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է: 2007-2009 թվականներին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության ֆիզիկական ծավալը չէր կրճատվում, սակայն միջազգային շուկայում մետաղների գնի անկման պատճառով արժեքային ցուցանիշը զգալիորեն նվազեց: 2007-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետբյուջե վճարեց 33,6 միլիրադ դրամ կամ բյուջեի բոլոր հարկային մուտքերի 7 տոկոսը, 2008-ին` ընդամնեը 14,4 միլիարդ դրամ: 2009-ին արտահանումը կրճատվեց 34 տոկոսով, ներմուծումը` 25,3 տոկոսով:
Աճել է աղքատ եւ ծայրահեղ աղքատ ընտանիքների թիվը: Բնակչության աղքատացումը նաեւ դրսից ստացվող մասնավոր ֆինանսական փոխանցումների նվազման հետեւանք է: Հայաստանի բնակիչների 1/3-րդը փոխանցումներ է ստանում դրսից: 2008-ին փոխանցումները կազմեցին 1,6 միլիարդ դոլար, 2009-ին` ընդամենը 530 միլիոն դոլար: Կրճատման պատճառը Ռուսաստանի տնտեսության ցնցումներն էին: Չի բացառվում, որ ճգնաժամի երկրորդ ալիքի եւ նավթի գնի անկման պատճառով նույնը կրկնվի ապագայում:
Զարմանալի է, որ 2009-ի տնտեսական անկման պայմաններում Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացավ 9,8 տոկոսով: Բայց այս պարադոքսը այլ վերլուծության թեմա է:



























