Լեռնային Ղարաբաղ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 28-ին մասնացել է ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը` նվիրված ԼՂՀ-ում առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների օրվան եւ հանդես եկել  ողւջույնի խոսքով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Քսան  տարի առաջ` 1991 թվականի դեկտեմբերի 28-ի ընտրությունները դարձան ժողովրդավարության ուղին բռնած Արցախի Հանրապետության կայացման առաջին քայլերից մեկը: Ձեւավորվեց օրենսդիր մարմինը, որին վիճակված էր ընդունել մեր պետական անկախության մասին հռչակագիրը` օրենսդրորեն ամրագրելով Անկախության հանրաքվեի արդյունքները, կազմավորել պետական կառավարման մարմինները, ստեղծել օրենսդրական դաշտ, ապահովել պետության լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Եվ այդ ամենի նշանակությունը կրկնապատկվում է, եթե հաշվի առնենք, որ երկիրը գտնվում էր մեզ պարտադրված պատերազմի մեջ: Դա յուրօրինակ սխրանք էր, հայրենասիրության լավագույն դրսեւորում»:

Բակո Սահակյանը նշեց, որ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների առջեւ դրված էին չափազանց բարդ ու պատասխանատու խնդիրներ, որոնց ճիշտ ու արդյունավետ լուծումից էր նաեւ կախված ժողովրդի ապագան: «Քսան տարվա բարձունքից կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ մեր հանրապետությունն այսօր գտնվում է բոլորովին նոր մակարդակի վրա, եւ դրանում, անկասկած, մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը: Վստահ եղեք, որ սերունդներն արժանիորեն կգնահատեն ձեր ջանքերը, ինչի շնորհիվ կայուն հիմք դրվեց Արցախի հետագա զարգացման համար»,-հայտարարեց ԼՂՀ նախագահը` միաժամանակ ընդգծելով, թե դա չի նշանակում, որ այլեւս անելիք չկա:

«Ընդհակառակը, մեր առջեւ ծառացած են լրջագույն խնդիրներ, որոնց լուծման համար մեզնից պահանջվում է համախմբված, սկզբունքային ու հետեւողական աշխատանք: Օրենսդրական դաշտի կատարելագործումը, միջխորհրդարանական կապերի ընդլայնումը, Արցախի պաշտպանունակության ամրապնդմանն ու միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի ակտիվացումը այն հրատապ հարցերից են, որ գտնվում են մեր Ազգային ժողովի օրակարգում»,-հայտարարեց ԼՂՀ նախագահը:

Օգտվելով առիթից` նա նաեւ շնորհավորեց ներկաներին գալիք Ամանորի կապակցությամբ:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: