Եթե ​​ես լինեի Ալիևի տեղը, ես շատ կմտահոգվեի, քանի որ Թրամփը աստիճանական քայլերով սահմանափակվող տիպիկ քաղաքական գործիչ չէ։ Ինչպես տեսանք նրա երդմնակալությունից ի վեր, եթե սադրում են, նա ընդունակ է անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի։

Դրա մասին «Новая газета»-ի լրագրող Ազա Բաբայանին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը։

Ի՞նչ է հայտնի Ռուբեն Վարդանյանի ներկա վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում։

Ռուբենը մարտի 12-ին հացադուլը դադարեցնելուց հետո այժմ կայուն վիճակում է: Ինչպես մանրամասնում եմ իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել նրա առողջության վրա։ Նա նիհարել է ավելի քան 6 կգ և ունի արյան վտանգավոր բարձր ճնշում՝ 140/110, որը համարժեք է հիպերտոնիայի 2-րդ փուլին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր է խաղում նրա բժշկական օգնությունն ապահովելու գործում։ Սակայն նախագահ Ալիևի՝ ԿԽՄԿ-ին Ադրբեջանից վտարելու հրամանը վտանգում է ինչպես կալանքի տակ գտնվող Ռուբենի բժշկական օգնության որակը, այնպես էլ նրա կապը ընտանիքի հետ։

Ըստ Ձեզ՝ որքա՞ն են Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շանսերը։

Մենք շատ ակտիվ աշխատում ենք ոչ միայն Ռուբենի, այլև Ադրբեջանում պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։ Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում:

Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, ներառյալ՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանելու հարցում։

Ես վստահ չեմ, որ դա իրավիճակի արդարացի բնութագրում է։ Միգուցե նախկինում այդպես էր, սակայն վերջին ամիսներին տեղի ունեցան կարևոր փոփոխություններ։ Անցյալ հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտում են, և որ ընտրվելու դեպքում նա կպաշտպանի հալածվող քրիստոնյաներին։

Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը կրկնել է այս դիրքորոշումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դիվանագիտության մեջ: Օրինակ՝ 2025 թվականի մարտի 16-ին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հրապարակել է մի գրառում, որտեղ գրել էր. «Ես (Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդականին) ասացի, որ մենք պետք է ավարտենք խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք՝ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»:

Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները։ Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Իսկ մարտի 12-ին Եվրամիությունը հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները դատապարտող բանաձևի համատեղ առաջարկ է ներկայացրել։

Թրամփի վարչակազմը կարո՞ղ է միջամտել Վարդանյանի գործին:

Թրամփի վարչակազմն արդեն հասկացրել է, որ իր համար առաջնահերթություն է քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, քանի դեռ բանտարկյալները ազատ չեն արձակվել նախքան դրա կնքումը կամ դրա ստորագրումը: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը այլ շահագրգիռ կողմերի հետ այս դիրքորոշումը փոխանցում է նախագահ Ալիևին։ Եթե ​​Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի, ես ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն։

Եթե ​​ես լինեի Ալիևի տեղը, շատ կմտահոգվեի, քանի որ Թրամփը աստիճանական քայլերով սահմանափակվող տիպիկ քաղաքական գործիչ չէ։ Ինչպես տեսանք նրա երդմնակալությունից ի վեր, եթե սադրում են, նա ընդունակ է անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի։