Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Այս մասին իր էջում գրել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:
Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:
Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:
Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:
Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»:
Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որին ՔՊ խմբակցությունը չի մասնակցում: Այսօր պետք է ավագանին քաղաքապետ ընտրի:
Մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:
Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ չի բացառվում, որ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն:





























