Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, զրույցի հիմնական թեմաներն են եղել երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները եւ հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ տարածաշրջանային եւ միջազգային ձեւաչափերում։
«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը եւ համատեղ տարածաշրջանային նախագծերին, նշվել է Միջին միջանցքի կարեւորությունը, այդ թվում՝ բեռնափոխադրումների ավելացման տեսանկյունից, ընդգծվել է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւորությունը։
Միխայիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցության համար»,- նշվել է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ադրբեջան ապրիլի 15-16-ին։





























