Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը: Այս մասին իր էջում գրել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Քնարիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, որոնք լինելու են ավագանու կազմում, սեփական պատասխանատվությամբ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու հայտարարությամբ են հանդես եկել:
Այսինքն՝ գտել են, որ 17 հազարից ավելի քվե ստացած ուժի փոխարեն պետք է քաղաքը հանձնել կրկնակի պակաս ձայներ ունեցողին:
Քվեարկությանը մասնակցողները ուղիղ կրելու են իրենց ընտանիքների, երեխաների, ծնողների, Գյումրու ապագայի պատասխանատվությունը»:
Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը: Ընդիմադիր 4 խմբակցությունները հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:
Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ չի բացառվում, որ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն:





























