Հույսի եւ չհույսի մասին չէ խոսքը։ Դա մեր աշխատանքն է, եւ մենք այդ աշխատանքը մտադիր ենք հետեւողականորեն անել։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա հույս ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի։

«Դե ես կարծում եմ, երեկ իմ ելույթում այդ թեմային մանրամասն անդրադարձա։ Եւ կարծում, երեկվանից այսօր նոր բան ասելու չի ձեւավորվել։ Այդ տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք», - նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա կառավարության աշխատանքն է, եւ կառավարությունը պետք է հետեւողականորեն շարունակի այն։

«Ընդհանրապես ոչ միայն միջազգային, այլեւ ներքին տրամաբանության մեջ այնպես չի, որ ծրագրերը, որ մենք դնում ենք սեղանին կամ ընդունում ենք, այդպես միանգամից ստացվում են՝ սկսած պարեկային ոստիկանությունից, շարունակած «Երեք հարյուր դպրոց-հինգ հարյուր մանկապարտեզ» ծրագրից։ Ծրագրերը ջանք են պահանջում, հետեւողականություն են պահանջում, հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն են պահանջում։

Դա մեր աշխատանքն է, դա մեր օրակարգն է։ Եւ մենք այդ աշխատանքով պետք է զբաղվենք», - ասաց նա։