Վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու հայտերի թիվը։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը վերջին երեք տարիներին մշտապես գերազանցել է տարեկան 20 հազարը, ինչը երեք անգամ ավելի է, քան մինչեւ 2022թ.»,- նշել է Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ ներկայում թվայնացվում են դիմումների ընդունման եւ մշակման գործընթացները։ Նախատեսվում է նաեւ արագացնել ներքին անձնագրերը փոխարինող նույնականացման քարտերի տրամադրումը։ 2024թ., ինչպես նշել է ՆԳՆ ղեկավարը, արդեն տպագրվել է մոտ 160 հազար նման փաստաթուղթ։ Սա, ըստ նրա, զգալիորեն ավելի է, քան նախորդ տարիներին։

«Արտադրողականությունը բարձրացնելու նպատակով նախարարությունը ձեռք է բերել երկու լրացուցիչ տպագրական մեքենա, անհրաժեշտության դեպքում նույնականացման քարտեր կարտադրվեն նաեւ շաբաթ-կիրակի օրերին»,- ավելացրել է կառավարության ներկայացուցիչը։

Դիմումների քանակի ավելացումը, ըստ Արփինե Սարգսյանի, կապված է, մասնավորապես, Ռուսաստանից, այդ թվում՝ հայազգի քաղաքացիների հոսքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։