Սլովենիան ակտիվորեն աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին ապրիլի 16-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել էց Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը։
Սլովենացի նախարարի խոսքով՝ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ համապատասխանում է տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերին։ Նախարարն ավելացրել է, որ ԵՄ-ը աջակցում է նախաձեռնությանը։ Այս համատեքստում, շարունակել է Ֆայոնը, կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Խոսելով Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ տնտեսական համագործակցության մասին՝ նախարարը նշել է սլովենական ընկերությունների՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հետաքրքրությունը՝ սպորտից մինչեւ արհեստական բանականություն։ Այդ կապակցությամբ նա նշել է սլովենացի փորձագետների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին հետ մղել կիբեռհարձակումները։











