Թբիլիսիի քաղաքային դատարանը Բեկա Ջաիանիին ցմահ ազատազրկման է դատապարտել Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանության համար, գրել է «Новости-Грузия»-ն։
37-ամյա մոդելին եւ Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր կանանցից մեկին մահացած են գտել անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի սեփական բնակարանում։ Դիակի վրա հայտնաբերվել է դանակի 28 հարված։
Բեկա Ջաիանին 26 տարեկան է, նա մոտ երկու տարի հարաբերությունների մեջ է եղել Կեսարիայի հետ, հայտնի է, որ զույգը հաճախ է վիճել։
Մինչ դատավճիռը հրապարակելը դատավորը ընթերցել է Բեկա Ջաիանիի քրեակատարողական հիմնարկից ուղարկած նամակը, որում նա գրել է, որ զղջում է եւ չի կարող ամբաստանյալի վերջնական ցուցմունք տալ, քանի որ նա գտնվում է հոգեկան ծանր վիճակում։
Գործի նյութերի համաձայն՝ Ջաիանին չի կարողացել հաշտվել Կեսարիայի սեռափոխության հետ՝ մեղադրելով նրան այն բանում, որ նա «իսկական կին» չէ։ Բայց եւ չի կարողացել ստիպել իրեն բաժանվել նրանից:
JAMnews-ի փոխանցմամբ՝ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանում անհայտ հանգամանքներում սպանվել կամ մահացել են վեց տրանսգենդեր կանայք։




























