Հայաստանում, կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա, ուսուցիչների մոտավորապես 20 տոկոսը ստանում է բարձրացված աշխատավարձ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։

«Աշխատավարձերի բարձրացման արդյունքում այժմ ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են մինչեւ 595 հազար դրամ աշխատավարձ»,- վստահեցրել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ վարձատրության համակարգը ընդհանուր առմամբ զգալիորեն բարելավվել է։ «Այս տարի, կարծում եմ, ատեստավորմանը մասնակցությունը շատ ավելի տպավորիչ կլինի։ «Վստահ եմ, որ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառուներ»,- ավելացրել է նախարարը։