Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան: Երկրի ղեկավարի խոսքով, վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։

Վարչապետը վերհիշել է ոստիկանության, պարեկային ծառայության բարեփոխումների ուղին և նշել, որ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը չնայած արդեն իրողություն են, սակայն այդ ամենը ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց. «Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի, որովհետև այդ ամեն ինչը, նոր մեքենան իմաստ չեն ունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն՝ տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց: Ի՞նչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք ոչինչ: Եվ ես հիմա հենց այսօր, առավել քան երբևէ, ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել սրա վրա»,-ասել է վարչապետը և հավելել, որ այդ ամենն արվում է, որպեսզի փոխվի ընկալումը աշխատանքի նկատմամբ։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամեն օր աշխատանքի նկատմամբ ինքներս մեզնից ունեցած պահանջկոտության չափը պետք է աճի, հակառակ դեպքում՝ իրականացված ներդրումները իմաստ չեն ունենա: Վարչապետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանության ծառայողին, պետական ծառայողին, այլ նաև քաղաքացիներին. «Մեր պետության և մեր իրավակարգի նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի ֆունդամենտալ փոփոխություն է պետք: