Վերջին շրջանում նաև քաղաքացիների հետ հարաբերություններում և հանդիպումներում մարդիկ շատ հաճախ են այդ հարցը բարձրացնում, ասում են՝ իսկ դուք ի՞նչ բացատրություն ունեք՝ ինչո՞ւ ենք մենք մեզ Հայաստանում պահում մի կերպ, երբ հայտնվում ենք ինչ-որ այլ պետությունում՝ եվրոպական, ամերիկյան, մեզ պահում ենք այլ կերպ: Ո՞րն է սրա բացատրությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ուզում շատ երկար վերապատմել այդ բացատրությունը, բայց պատճառը պետության նկատմամբ մեր վերաբերմունքն է, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն, վերաբերվում ենք մի կերպ, այլ պետություններին վերաբերվում ենք շատ ավելի լուրջ։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է և սա արտահայտվում է բոլորիս մեջ»,-ասել Նիկոլ Փաշինյանը:
Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է և իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Շատ կարևոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաև ոստիկանության կողմից, և նաև մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փոխլրացնող գործողություն է։ Այո՛, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի և պաշտպանի այդ հարգանքը: Եվ այդպես շարունակ»։




























