Ես ուզում եմ ասել, որ այս ամեն ինչը պետք է նշանակի բովանդակության փոփոխություն և վերաբերմունքի փոփոխություն պետությանը, ծառայությանը, հանրությանը և նաև հանրության վերաբերմունքի փոփոխություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության, ոստիկանության գվարդիայի ձևավորմանը:

«Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհավորել է բոլորին, շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար, նշել, որ բարեփոխումն անընդհատ գործընթաց է և կարևոր է, որ բարեփոխման գործընթացը բերի միջանկյալ արդյունքների։ 

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: