Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեք,․․․ 2022 կամ 2023, նույնիսկ 2024-ին՝ Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով, ես ասել եմ, որ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ Հանրապետություն, պետականություն չի կարող լինել։ Չի կարող լինել։ Դա անհնար է։
Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Բայց էլի ուզում եմ ասել․ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իհարկե «կողմ» եւ «դեմ» փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա շեշտեց, որ դա իր քաղաքական որոշումն է։





























