Ես չգիտեմ, իրենք ինչ են հասկանում։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «անխոչընդոտ ճանապարհի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություները։

«Տեսեք, Ադրբեջանը, ըստ էության, ասում է․ «Հայաստանի Հանրապետությունը քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում» կամ ինչ-որ մի բան, «դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց»։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրենց համար ընդունելի են։ Հակառակ դեպքում իրենք չէին օգտվի դրանից։

Եւ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ պարզ հասկանալի լինի, ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրանի Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում», - ասաց նա։

ՀՀ վարչապետը նաեւ խոսեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին եւ հիշեցրեց, որ ամռանը Երեւանում տեղի ունեցավ հրապարակային քննարկում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։

«Եւ ես նաեւ իմ ելույթում մանրամասն անդրադարձել եմ նոյեմբերի իննի հայտարարությանը։ 
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որեւէ ձեւով նսեմացվի։ Այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետք է մեր երկրի տարածքում ներկայություն ունենա։ Եւ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրվում։ Այս առաջինը։ Վերահսկողությունը, ըստ էության, ինչի՞ վերահսկողություն։ Շատ կարեւոր է այդ հարցի պատասխանը ստանալ։

Եւ որտե՞ղ վերահսկողություն է լինելու։ Մենք այդ հարցերին տվել ենք պատասխան եւ ասել ենք, որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով։ Էլ չեմ ասում ամենակարեւորը․ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը միայն իններորդ կետ չունի», - ասաց նա։

«Դա բացառված է։ Ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, ճիշտ չեն ասում ուղղակի», - շեշտեց ՀՀ վարչապետը։