Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից իր մասնագիտական եւ տեխնիկական պարտավորություններին եւ Իրանի հետ հարաբերություններում քաղաքական ճնշմանը չտրվելու անհրաժեշտությունը, տեղեկացրել է Mehr-ը։
Արաղչին չորեքշաբթի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։
Հիշեցնելով Իրանի քաղաքականությունը եւ նրա վճռականությունը՝ շարունակելու փոխգործակցությունն ու համագործակցությունը գործակալության հետ իր միջազգային իրավական պարտավորությունների շրջանակում՝ Արաղչին ընդգծել է գործակալության «պարտականությունների եւ շրջանակում իր մասնագիտական եւ տեխնիկական դերն իրականացնելու անհրաժեշտությունը՝ առանց որոշ կողմերի անհարկի ճնշման ենթարկվելու»:
Իրանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգների վերաբերյալ հստակ եւ թափանցիկ դիրքորոշման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում Աբաս Արաղչին ԱԷՄԳ ղեկավարին տեղեկացրել է նաեւ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին, որոնք ընթանում են Օմանի միջնորդությամբ։
Գրոսին իր հերթին երախտագիտություն է հայտնել Թեհրան այցելելու հնարավորության համար՝ ընդգծելով Իրանի եւ գործակալության միջեւ փոխգործակցության եւ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաեւ այլ կողմերի հետ խորհրդակցությունները՝ չլուծված խնդիրների լուծման համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար։
ԱԷՄԳ ղեկավարը նաեւ ողջունել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների սկիզբը եւ, միաժամանակ հայտնելով գործակալության լիակատար աջակցությունը բանակցային գործընթացին, հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել երկու կողմերի համար բարենպաստ ուղղությամբ:
Հինգշաբթի Գրոսին ծրագրում է բանակցություններ վարել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ։
Արաղչիի հետ բանակցություններից հետո սոցցանցերում գրառման մեջ Գրոսին Թեհրանում նրա հետ բանակցությունները բնութագրել է որպես «կարեւոր»։
«ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կարեւոր է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ վստահելի երաշխիքներ տրամադրելու համար այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա»,- ավելացրել է Գրոսին իր գրառման մեջ:




























