ԱԳ նախարար Աբաս Արաղչին Թեհրանից մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնակցի հրավերով ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցել է Mehr-ը։
Տեղեկացվել է, որ իրանցի բարձրաստիճան դիվանագետը Ռուսաստանի մայրաքաղաք կատարելիք այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կհանձնի Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի նամակը:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային երկուշաբթի ամենշաբաթյա ասուլիսում հայտնել է իր ղեկավարի Մոսկվա այցի մասին։
Նշելով, որ Արաղչիի այցը Մոսկվա նախատեսված էր ավելի վաղ, Բաղային ավեարցլել է, որ Իրանի արտգործնախարարը կխորհրդակցի նաեւ ռուսների հետ՝ Վաշինգտոնի հետ իրենց բանակցությունների վերաբերյալ։ Հինգշաբթի լրագրողներին ներկայացնելով այցի մասին՝ ԱԳՆ խոսնակ Բաղային ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով եւ երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների միջեւ շարունակվող խորհրդակցությունների եւ հանդիպումների շրջանակում»։
Բաղային ավելացրել է, որ այցի ընթացքում Արաղչին նախատեսում է քննարկել եւ կարծիքներ փոխանակել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ։
ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ այցը համարել է երկու երկրների միջեւ պայմանավորվածությունների կատարմանը, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ անցած տարեվերջին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին հետեւելու արժեքավոր հնարավորություն։





























