Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Այն այս տարի կրում է «Գրադարանը ներառականության հարթակ» խորագիրը և կանցկացվի ապրիլի 14-21-ը:

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրին մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները՝ բազմաբովանդակ  կրթական, գիտական և մշակութային միջոցառումներով: Նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է բարելավել առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար Հայաստանի գրադարանների մատչելիությունը:

Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում կանցկացվեն տարաբնույթ մրցույթներ,  հանդիպումներ, վարպետության դասեր, սեմինարներ,  գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ,  փոխադարձ  այցեր  ՀՀ մարզային,  համայնքային  և մասնագիտացված գրադարաններ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 21-ին:

«Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը  կազմակերպվում և անցկացվում է 2002 թվականից, որը նաև արդյունավետ հարթակ է գրադարանային ոլորտի  խնդիրները, զարգացման ճանապարհները քննարկելու,  լուծումները գտնելու համար: