Թբիլիսիում ընթանում է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հանդիպումը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպման նախաձեռնողները եղել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես տեղեկացրել է գերատեսչությունը, հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, որից հետո այն շարունակվել է փակ ձեւաչափով՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի փոխարտգործնախարարների մակարդակով։
«Հանդիպումը վարում են Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը եւ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման հիմնական նպատակն է երեք երկրների կարծիքների փոխանակումը հնարավոր ուղղությունների վերաբերյալ, որոնք կարող են հիմք դնել եռակողմ համագործակցության գործընթացին։ Այս հանդիպումն ուղղված է ընդհանուր շահերի փոխանակմանը, որոնք հետագայում կնպաստեն երկրների միջեւ փոխշահավետ գործնական եռակողմ համագործակցության զարգացմանը, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանի բարեկեցությանը, կայունությանը եւ կայուն զարգացմանը։ Այսօրվա եռակողմ հանդիպումը չի հակասում եւ չի փոխարինում առկա համագործակցության ձեւաչափերից որեւէ մեկին, այլ ներկայացնում է երեք հարեւան երկրների լրացուցիչ ջանքերը՝ կառուցողական եւ փոխշահավետ փոխգործակցություն ձեւավորելու համար»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում։





























