Coffee House ընկերությունը նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 125 մլն ՀՀ դրամ է վերադարձրել պետությանը։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում:
ՔԿ–ից հայտնեցին նաև, որ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Նշենք, որ արդեն 3-րդ օրն է Երևանում Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը փակ են.
Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:
ՀՀ ՊԵԿ–ից էլ NEWS.am–ին հայտնել էին, որ ՊԵԿ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։
«Որեւէ այլ ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել Պեկ աշխատակիցների կողմից,իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։ Մյուս բոլոր մեկնաբանությունները գտնվում են Պեկ տիրույթից դուրս»,–հայտնել էին գերատեսչությունից։



























