Երեք ուղղություններով կառավարությունը աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկություններին, որոնց գործունեության գործակիցը բարձր է՝ տեխնոլոգիաների ոլորտում 90-%-ից ավել պետք է լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, կառավարության նիստում հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին որոշումը։
«Առաջին ուղղությունը աշխատանքային միգրանտներն են, այսինքն՝ այն աշխատակիցները, որոնք տնտեսվարող սուբյեկտները ներգրավել են 2022-ի մարտի 1-ից սկսած, որոնց ուղղությամբ տնտեսվարողները եկամտահարկ չեն վճարել մինչև այդ պահը:
Երկրորդ ուղղությունը նոր աշխատակիցների համար սահմանված աջակցությունն է և մասնագիտական կադրերի վերապատրաստման համար սահմանվող աջակցությունն է: Մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների ներգրավման պարագայում ուզում եմ հիշեցնել, որ եկամտահարկի 60 տոկոսի չափով պետական աջակցություն է տրվելու ընկերություններին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 2026-ի հունվարի 1-ից սկսած՝ արդեն ուղիղ աշխատակիցներին է տրվելու միգրանտների աջակցությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նոր աշխատակիցներին, ապա նրանց ներգրավելու պարագայում տնտեսվարողները եկամտահարկի 60 տոկոսի չափով պետական աջակցություն կստանան, իսկ վերապատրաստման պարագայում ընկերությունները 3 ամսվա համար եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն կստանան:
Նա նշեց, որ տնտեսվարողները աջակցություն կստանան եռամսյակը մեկ անգամ՝ համապատասխան ստեղծվելիք էլեկտրոնային հարթակում դիմելուց հետո։
Նիկոլ Փաշինյանը նախարարին ստիպեց ավելի հասկանալի կրկնել այն ամենը ինչ զեկուցեց։
Կրկնելուց հետո Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նոր ներգրավվող միգրանտ աշխատողի դեպում երկու անգամ է եկամտահարկի աջակցություն ցուցաբերվելու։
«Երկո՞ւ անգամ 60 %, ստացվում է, որ 120 % եկամտահա՞րկ եք հետ վերադարձնում»,-հարցրեց Փաշինյանը և ստացավ դրական պատասխան։
Հայրապետյանը նշեց, որ աջակցություն է ցուցաբերվելու նաև ոլորտում նոր տեղական աշխատուժ ներգրավելու դեպքում։




























