ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի պետական ​​համալսարանում (Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի մոտ) հրաձգությունն անվանել է «խայտառակություն»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ դժվար թե ձգտի փոփոխությունների երկրի զենքի մասին օրենքում, հաղորդում է CNN-ը։

«Լսեք, ես 2-րդ ուղղման (քաղաքացիների՝ հրազեն պահելու և կրելու իրավունքը երաշխավորող Second Amendment to the United States Constitution) մեծ կողմնակիցն եմ, դա այդպես է եղել ի սկզբանե: Ես պաշտպանում էի նրան, և այս բաները սարսափելի են, բայց կրակում է մարդը, ոչ թե՝ զենքը», -ասում է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում:

Իր առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ բաց է լինելու հրազենի գնմանն առնչվող նախնական ստուգումների համար, հայտնում է CNN-ը։ Սակայն ավելի ուշ նա հերքեց այդ մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ ապրիլի 17-ին, Ֆլորիդայի պետական ​​համալսարանում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով վիրավորվել է վեց մարդ։ Վեցն էլ հրազենային վնասվածքներ են ստացել։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հինգինը՝ ծանր։