Այս պահին ընթանում է Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում է գործով վկա Էդգար Միսակյանը։

«Դեպքի օրը գտնվել եմ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, գործուղված եմ եղել ինժեներական զորքերի վարչություն՝ նյութական միջոցների համեմատություն կատարելու նպատակով, քանի որ զորացրմանս հրամանն արդեն առկա էր, և ես պատրաստվում էի հանձնել պաշտոնս։ Այնտեղ տեղեկացել եմ դեպքի մասին և վերադարձել եմ զորամաս։ Դեպքի մասին այլ բան չգիտեմ, ինչ գիտեմ, իմացել եմ կողքից։ Իմացել եմ, որ բենզինի վառարանի վառելու արդյունքում տեղի է ունեցել հրդեհ, և վառվել է ողջ անձնակազմը։ Մնացած տեղեկություններս շատ աղոտ են»,–դատարանում հայտարարեց գործով վկա Էդգար Մինասյանը։

Նիստի ընթացքում հարցաքննվեց նաև փրկարար Նարեկ Գրիգորյանը: Նա պատմեց, որ կացարանում զինվորների դիակներին տեսել է խառը վիճակում՝ նստած էլ են եղել, հատակին ընկած էլ։

«Մուտքը, որ մտնում ես՝ ձախի վրա, երկու, թե երեք հոգի իրար մոտ նստած կամ կիսապառկած են եղել, հատակին էլ կային դիեր, մի դեպք հիշում եմ, որ ոտքերն իջել էր գետնին մահճակալից»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։