Այն, որ Վարդան Ղուկասյանը անցնում է բազմաթիվ քրեական գործերով, կարծեմ 40 դրվագով, դա նոր բան չէ, դա մինչև ընտրական պրոցեսներն էին. Վարդան Ղուկասյանը առաջադրվեց հենց դրա համար, որ պաշտպանի իր քրեական գործերը, դա ինքն է ասել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը:
«Ինքն է ասել է՝ խելոք նստած էի, բան չէի անում, բայց քանի որ քրեական գործերը հարուցվեցին, մասնակցում եմ այս պրոցեսին, որովհետև իմ դեմ կան քրեական գործեր: Դա ինքն անում է, որ եթե հանկարծ ինչ-որ բան լինի քրեական գործերի արդյունքում, դատավճիռներ լինեն, ասի՝ ես դարձա Գյումրիի քաղաքապետ, դրա համար ինձ ձերբակալեցին»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է Վարդան Ղուկասյանը կալանավորվի, որը ձեռնտու կլինի ՔՊ-ի համար, Սարուխանյանը պատասխանեց. «Դա ինձ վերաբերող հարց չի, ես իրավիճակին կարող եմ տալ քաղաքական գնահատական: Իրավական մասով խնդրում եմ համապատասխան մարմիններին հարցրեք: Բայց այն, որ Վարդան Ղուկասյանը անցնում է բազմաթիվ քրեական գործերով, ապօրինի գույքի բռնագանձման օրենքով է անցնում, դա բոլորս գիտենք և մինչև Գյումրիի ՏԻՄ ընտրությունները այդ գործերը կային»:











