Իտալիայի հյուսիսային և կենտրոնական հատվածում փոթորկի վտանգի մակարդակը շարունակում է բարձր մնալ, Լոմբարդիան և Էմիլիա-Ռոմանիան ջրհեղեղի վտանգի տակ են՝ Պո գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով, հայտնում է Euronews-ը։
Զատիկից ընդամենը օրեր առաջ Իտալիան շարունակում է պատուհասել սաստիկ եղանակը։
Հինգշաբթի օրը ուժգին քամիները, հորդառատ անձրևը և կարկուտը հարվածել են երկրի հյուսիս-արևմուտքին՝ մի քանի քաղաքներում ջրհեղեղներ առաջացնելով և մեծ վնասներ, մասնավորապես ենթակառուցվածքներին: Ամենից շատ տուժել է տրանսպորտի ոլորտը, երթևեկությունը խաթարվել է, իսկ որոշ շրջաններ հոսանքազրկվել են ճանապարհների և մայրուղիների փակման պատճառով:
Ուրբաթ վաղ առավոտյան փոթորիկը սկսել է շարժվել դեպի երկրի հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններ։ Առավել տուժել են Պիեմոնտը, Լոմբարդիան և Վենետոն:
Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ի համար, կարմիր տագնապ է հայտարարել Լոմբարդիայում և Էմիլիա-Ռոմանիայում՝ Պո գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:
Լոմբարդիայի երկու այլ շրջաններում հայտարարվել է «նարնջագույն» տագնապ, իսկ ութ շրջաններում՝ «դեղին»։
Տրիսինո գետի ավազանում հայտնաբերվել են երկու անհետ կորած տղամարդկանց մարմիններ այն բանից հետո, երբ նրանց մեքենան ընկել է Վալդագնոյում եղանակային վատ պայմանների պատճառով խորտակվող փոսը: Նրանք 65-ամյա Լեոնե Նարդոնեն և նրա 34-ամյա որդի Ֆրանչեսկոն են:
Մեկ այլ մահացու դեպք է գրանցվել Թուրինի շրջանում. 92-ամյա թոշակառու ատաղձագործը արգելափակվել է Մոնտեու դա Պոյի իր տանը և ենթադրվում է, որ խեղդվել է:
Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Պիեմոնտում փոթորկի պատճառած վնասը կարող է կազմել տասնյակ միլիոն եվրո, ասել է քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային խորհրդական Մարկո Գաբուսին։



























